Աստղիկ Ավետիսյանը PR-ի գաղտնիքները բացահայտեց Շառլ Ազնավուր քոլեջի ուսանողների համար
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ․ Աստղիկ Ավետիսյանը դասախոսություն-հանդիպում ունեցավ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:
«Հաղորդակցության ուժը. անտեսանելին տեսանելի դարձնելու արվեստ» թեմայով դասախոսության ընթացքում Ավետիսյանը ուսանողներին ներկայացրեց հանրային կապերի ոլորտի գործիքակազմը, ժամանակակից հաղորդակցության մարտահրավերներն ու հնարավորությունները՝ օրինակներ բերելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձից:
Միջոցառումը ուսանողների համար լավ հնարավորություն էր՝ հաղորդակցման ոլորտի խորքային կողմերին ծանոթանալու և պրակտիկ խորհուրդներ ստանալու՝ ոլորտի առաջատար մասնագետից։
Հանդիպմանը ուսանողները ոչ միայն ունկնդրեցին հետաքրքիր ու պրակտիկ նյութ, այլ նաև ակտիվ մասնակցեցին քննարկումներին՝ իրենց հուզող հարցերը ուղղելով բանախոսին։ Նրանք առանձնապես ընդգծեցին Աստղիկ Ավետիսյանի ոգեշնչող և հասանելի մատուցման ձևը՝ կարևորելով նման հանդիպումների դերը իրենց մասնագիտական աճի ճանապարհին։
Դասախոսությունը խթան հանդիսացավ ուսանողների համար՝ հաղորդակցման արվեստը տեսնելու ոչ միայն որպես տեսական գիտելիք, այլ նաև որպես գործնական և ազդեցիկ հմտություն՝ մշակութային ու արվեստի ոլորտներում։
Հանդիպման ընթացքում ուսանողները ձեռք բերեցին մի շարք արժեքավոր գիտելիքներ, որոնք կարող են օգտագործվել թե՛ պրակտիկ, թե՛ անձնական աճի համար։