Ֆրանսահայ երգիչ Հակոբ Ղասաբյանի այցը՝ Շառլ Ազնավուրի անվան քոլեջ



Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի ուղեկցությամբ Հակոբ Ղասաբյանը շրջեց քոլեջում, այցելեց լաբորատոր լսարաններ, ինչպես նաև եղավ հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանի անունը կրող պարասրահ-թանգարանում, որտեղ ուսանողները հյուրին դիմավորեցին ջերմ պարային ողջույնով։
Դահլիճում ֆրանսահայ արտիստին սպասում էին քոլեջի
«Գործիքային կատարողական արվեստ»,
«Էստրադային արվեստ»
և
«Երգեցողություն»
մասնագիտություններում սովորող ուսանողները։
Ուղերձով հանդես գալով՝ Հակոբ Ղասաբյանը նշեց․ «Ձեր քոլեջում, հենց մուտքից, զգացվում է Շառլ Ազնավուրի արվեստով լցված հզոր էներգիան»։



Երգիչը ուսանողների հետ կիսվեց իր ստեղծագործական ուղու պատմությամբ՝ սկսած երաժշտական կարիերայի առաջին քայլերից մինչև «Ֆրանսիայի ձայնը» հեռուստանախագծում գրանցած հաջողությունները։
Ֆրանսիայում ծնված և մեծացած արտիստի համար ևս մեծ երազանք է եղել հանդիպումը լեգենդար Շառլ Ազնավուրի հետ, որն իր համար իրականություն է դարձել 14 տարեկանում։ Ղասաբյանի խոսքով՝ այդ հանդիպումը շրջադարձային է եղել իր արվեստական ճանապարհին․ «Շառլ Ազնավուրը վճռորոշ դեր է ունեցել իմ ստեղծագործական ուղու ձևավորման մեջ և հենց նա է ինձ ուղղորդել դեպի ֆրանսիական շանսոն»։
Զրույցից հետո Հակոբ Ղասաբյանը, դիմելով դաշնակահար, քոլեջի շրջանավարտ և դասախոս Դավիթ Թուջարյանին, առաջարկեց կատարել Ազնավուրի երգացանկից մի ստեղծագործություն։ Կատարումից հետո նա ընդգծեց, որ քոլեջը ունի բարձր մակարդակի մասնագիտական ներուժ և տաղանդավոր ուսանողներ՝ հավելելով, որ օրեր առաջ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացած իր երկօրյա համերգի երաժշտական ղեկավարը եղել է հենց Դավիթ Թուջարյանը, իսկ քոլեջի «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Հակոբյանը մասնակցել է համերգին՝ որպես հարվածային գործիքների նվագակցող։
Հանդիպման ընթացքում Հակոբ Ղասաբյանը նաև մեծ հետաքրքրությամբ վայելեց Ազնավուրի երգացանկից «Երգեցողություն» մասնագիտության 4-րդ կուրսի կատարումների կատարումները՝ «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության տարբեր կուրսերում սովորող ուսանողներից կազմված բենդի նվագակցությամբ։




Կատարումներից հետո նա նշեց․ «Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ ձեր քոլեջում տրվում է որակյալ կրթություն և սովորում են իսկապես տաղանդավոր ուսանողներ»։
Երգիչը ուսանողներին խորհուրդ տվեց խորապես ուսումնասիրել Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երգերի բառերի թարգմանությանը և բովանդակությանը․ «Ազնավուրի երգերում նրա կյանքի յուրաքանչյուր դրվագն է, պատմությունն ու ապրումները։ Երգը պետք է ոչ միայն հնչեցնել, այլև ապրել»։
Հանդիպման ավարտին, հենց տեղում, Ազնավուր բենդի նվագակցությամբ Հակոբ Ղասաբյանը կատարեց Շառլ Ազնավուրի մի քանի հանրահայտ ստեղծագործություններ՝ հանդիպմանը հաղորդելով ջերմ, հիշարժան և ոգեշնչող մթնոլորտ։

Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Բարսեղյանի։
Լուսանկարներն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ․