«Լուսանկարչական գործ» մասնագիտության ուսանողների պրակտիկան՝ «Արմենպրես» լրատվականում
Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել անմիջականորեն ներգրավվել լրատվական լուսանկարչության աշխույժ և պատասխանատու գործընթացին՝ աշխատելով գործակալության փորձառու լուսանկարիչների հետ։ Գործնական դասընթացներն անցկացվել են լուսանկարիչներ Գևորգ Պերկուպերյանի, Հայկ Մանուկյանի և գործակալության այլ պրոֆեսիոնալների մասնակցությամբ։
Ուսանողները ծանոթացել են լրատվական լուսանկարչության առանձնահատկություններին՝ իրադարձությունների լուսաբանման օպերատիվ աշխատանքին, կադրի ճիշտ ընտրության և կոմպոզիցիոն լուծումների կարևորությանը, լուսանկարների տեխնիկական մշակման և խմբագրական պահանջներին, լուսանկարչի մասնագիտական պատասխանատվությանն ու էթիկային։




Պրակտիկայի ընթացքում իրականացվել են իրական գործնական նկարահանումներ, վերլուծվել են ստացված լուսանկարները, քննարկվել մասնագիտական մոտեցումներ, ինչպես նաև փոխանցվել են ոլորտում տարիների փորձով ձևավորված արժեքավոր խորհուրդներ։ Այս գործընթացը ուսանողներին օգնել է տեսական գիտելիքները համադրել գործնական հմտությունների հետ և ավելի հստակ պատկերացում կազմել իրենց ապագա մասնագիտական գործունեության մասին։
Այս ուսումնական պրակտիկան կարևոր քայլ էր ուսանողների մասնագիտական կայացման ճանապարհին՝ հնարավորություն տալով աշխատել իրական լրատվական միջավայրում, հասկանալ ոլորտի պահանջներն ու ստանդարտները և ձևավորել պրոֆեսիոնալ մտածողություն։
Քոլեջի տնօրինությունն իր երախտագիտությունն է հայտնում «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին՝ երկրի առաջատար լրատվականներից մեկի դռները մեր ուսանողների առջև բացելու և համագործակցության համար։