Ազնավուրականները արյուն հանձնեցին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի
և արվեստի պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսական կազմը, ի դեմս տնօրեն Վրեժ Կիրակոսյանի,
վերջերս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի արյան կետում արյուն հանձնեցին:
«Հուսով եմ, որ մեր այս նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ, քանի որ հակառակ կողմում, ցավոք, այդ արյան կարիքն ունեցող երեխաներն են»,- արյուն հանձնելուց հետո կարևորեց «Ազնավուր» քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
«Մեր բժշկական կենտրոնի և այնտեղ բուժում ստացող փոքրիկների համար այս նոր վերանորոգված ու ժամանակակից պահանջներին համապատասխան կահավորված արյան կետը լուրջ առաքելություն ունի, ուստի շնորհակալ ենք արյան դոնոր լինելու ձեր նախաձեռնության համար»,- ի պատասխան Վ․ Կիրակոսյանի, ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը։
Ազնավուրականների հանձնած արյունը բուժկենտրոնը կօգտագործի դրա կարիքն ունեցող ու կյանքի համար կռիվ տվող փոքրիկներին փրկելու համար: Որպեսզի այդ արյունը էլ ավելիդրական ազդեցություն ունենա կյանքի ու մահու միջև պայքարող փոքրիկների համար, «Ազնավուր» քոլեջի ուսանողները արյունը հանձնեցին երգելով։
Տեսանյութում քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ավետիսյանը երգում է արյուն հանձնելուց առաջ։
Այցի ավարտին «Սուրբ Աստվածամայր»
բժշկական կենտրոնի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի
միջև կնքվեց միջոլորտային համագործակցության հուշագիր։ Հուշագրի կնքումից ու փոխադարձ
ձեռք սեղմումից հետո Վ․ Կիրակոսյանն ու
Հովհաննես Զոհրաբյանը քննարկեցին փոխադարձ համագործակցության կարգը, ինչպես նաև՝
արդյունավետ հաղորդակցության պայմանները:
Հուշագրի համաձայն, քոլեջի «Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ» մասնագիտությունում սովորող ուսանողները մասնագիտական պրակտիկան կանցկացնեն բժշկական կենտրոնում: Հուշագրի արդյունքում կողմերը կհամագործակցեն նաև մշակութային միջոցառումների համատեղ իրականացման ուղղությամբ։
Ի դեպ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այս պահին քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, որպես պրակտիկա մուլտհերսների պատկերներով նկարազարդում են Բժշկական կենտրոնի մի քանի հիվանդասենյակիների պատերը, որպեսզի փոքրիկները դրական ու հաճելի մթնոլորտում ստանան իրենց բուժումը։
Լուսանկարները՝ «Լուսանկարչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Պետրոսյանի։