Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՄՊՔ դասախոս Գայանե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է
Այսօր՝ հունիսի 8-ին, Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանի ծննդյան օրն է: ԵՄՊՔ-ի ողջ աշխատակազմն ու ուսանողները ի սրտե շնորհավորում են սիրելի դասախոսին, մաղթում առողջություն, հաջողություններ և երկար տարիների բեղմնավոր, աշխատանքային ձեքբերումներով լի երջանիկ կյանք: Գայանե Հովհաննիսյանը 1969-74թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի էսթետիկայի բաժնում, զուգահեռ երգել է Ակսել Բակունցի ղեկավարած «Սերպանտին» անսամբլում: 1972թ. մասնակցել է «Երիտասարդ ձայներ» հանրապետական երաժշտական մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակին: 1973թ. մասնակցել է Բեռլինի երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնին` արժանանալով դափնեկրի կոչման: 1974-87թթ. աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբում՝ որպես մենակատար: Նվագախմբի հետ մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում՝ ԽՍՀՄ մի շարք երկրներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Պորտուգալիա, Աֆրիկա, Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ և այլուր: 1987-90թթ. աշխատել է Սիրիայում և Լիբանանում: 1991թ. մենահամերգով հանդես է եկել Լոնդոնի, 1992թ.՝ Կիպրոսի և Ժնևի հայկական համայնքներում: 1994-95թթ. աշխատել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: 2010թ. արժանացել է Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակին, 2011թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: